Ըստ ամերիկյան Bloomberg պարբերականի՝ Տոկիոյի Հոսեյ համալսարանի տնտեսագետ Հիդեակի Հիրաթան համոզմունք է հայտնել, որ համաշխարհային անշարժ գույքի շուկայում առաջիկա երկու տարիներին անկում կգրանցվի։
Մասնագետներն, ըստ Հիդեակի Հիրաթայի, հաշվարկել են, որ բանկերն աշխարհի շատ երկրներում սկսել են բարձրացնել տոկոսադրույքները, ինչն իր հերթին անշարժ գույքի շուկայում հանգեցրել է գնանկման։ Առավել ակտիվ դինամիկա է արձանագրվել Կանադայում եւ Ավստրալիայում։ Ճապոնացի մասնագետի կարծիքով անկումը դեռ նոր է սկսվել եւ շարունակվելու է՝ ավելի ու ավելի ակնառու դառնալով։
«2023-2024 թվականներին ականատես կլինենք անշարժ գույքի համաշխարհային շուկայի համապարփակ եւ սինխրոնիզացված անկման»,- ասել է տնտեսագետը։
Մասնագիտական գնահատականներով՝ բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ իրենց երկրներում չեն բախվել տոկոսադրույքների բարձրացմանն այն ժամանակահատվածում, երբ վերջիններիս աշխատավարձերը նվազել են։ Միաժամանակ, աշխարհում անշարժ գույքի ոչ բոլոր սեփականատերերն են հակված տոկոսադրույքի բարձրացման ռիսկի։
ԱՄՆ-ում, օրինակ, հիփոթեքային վարկերի մեծ մասը ձեւակերպված է 30 տարով՝ ֆիքսված տոկոսադրույքով։ 2020-ին, օրինակ, «լողացող տոկոսադրույքով» անշարժ գույքի վարկերի մեծ մասը բաժին է ընկել Ավստրալիային, Իսպանիային, Կանադային եւ Մեծ Բրիտանիային։
Ավելի վաղ ամերիկյան ռիելթորները պարզել էին, որ ԱՄՆ-ում երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքը եւս բարձրացրել են։ 30 տարուց ավելի ժամկետով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը 5,55-ից դարձել էր 5,66, ինչը կարելի է ռեկորդային ցուցանիշ համարել։ Այս բարձրացումը հանգեցրել էր նրան, որ ամսական կտրվածքով վարկերի սպասարկման վճարները ավելացել էին մի քանի հարյուր դոլարով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը