ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ադրբեջանական գնդակոծությունների զգալի վկայություններ է տեսնում, սակայն ձեռնպահ է մնացել հակամարտության սրման համար այս կամ այն կողմի վրա պատասխանատվություն դնելուց:
«Մենք տեսել ենք ադրբեջանական գնդակոծությունների եւ հայկական ենթակառուցվածքներին հասցված էական վնասի զգալի վկայություններ։ Սակայն ամենակարեւորն այն է, որ երկու կողմերը հայտարարեն ռազմական գործողությունների դադարեցման եւ լարվածության թուլացման հանձնառության մասին»,– ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը:
Փրայսը նաեւ նշել է, որ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանին հորդորում է օգտագործել իր ազդեցությունը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար։
«Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին, դրանց թվում՝ Ռուսաստանին, կառուցողական կերպով օգտագործելու իրենց ազդեցությունը ապաէսկալացիայի համար»,– ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։