ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն օգնել է հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի, սակայն այն գրեթե անմիջապես խախտվել է։
«Ռուսների միջնորդությամբ գիշերը, ինչպես երեւում է, հրադադարի մասին համաձայնություն է եղել, բայց այն գրեթե անմիջապես խախտվել է: Ակնհայտ է` մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի»,- ասել է Ջոն Քիրբին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը աշխատում է հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, տարածաշրջանում աշխատում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռանալու նախադրյալներ չի տեսնում: