Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ: Մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով թեեւ էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն սեպտեմբերի 14-ին՝ 08:00-ից, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետներ եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրները։
Փաստացի, չնայած ստեղծված իրադրության շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնել է, որ Իշխանասար լեռան շրջանում գիշերը մարտերը վերսկսվել են: Հակառակորդը գնդակոծում է մեր դիրքերը։
Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնել է, որ հրետանի է աշխատում, արկերն ընկնում են բնակավայրից մի փոքր ավելի բարձր տեղանքում։ Գյուղի ուղղությամբ հարվածներ չեն եղել։