Իրանի արտգործնախարար Ամիր Հոսեյն Աբդոլահիանը Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ճաղարյանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հարավային Կովկասում արձանագրված լարվածությանը: Նա հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է Իրանի համար։
Ըստ Mehr լրատվական գործակալության՝ Աբդոլահիանը շեշտել է, որ հարկավոր է փորձել վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում խաղաղ քաղաքական միջոցներով։
Նախարարի ու դեսպանի հանդիպումը Իրանում իր առաքելությունն ավարտող ՌԴ դեսպանի հրաժեշտի հանդիպումն է եղել։ Հանդիպմանը Աբդոլահիանը նշել է, որ արդեն ավարտվել են Իրան-Ռուսաստան երկարատեւ համագործակցության մասին փաստաթղթի մշակման աշխատանքները։ Ճաղարյանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը վճռական է Իրանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու հարցում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը