ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ վերջին ամսվա ընթացքում ձեռնարկված ջանքերի գլխավոր արդյունքն այն էր, որ ընդհանուր փոխըմբռնում է եղել: Ըստ ռուս դիվանագետի՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի նոր ճանապարհը կսկսի գործել 2023-ի ապրիլի 1-ից։
«Միեւնույն ժամանակ օգոստոսի 30-ից երթեւեկությունն իրականացվում է ժամանակավոր ճանապարհով` շրջանցելով Լաչին քաղաքն ու այլ բնակավայրերը, որոնք միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում են»,- ասել է Գոնչարը։
Դիվանագետը նշել է, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ պայմանավորվածությունների արդյունքում եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համաձայնեցմամբ օգոստոսի 24-ին ավարտվել էր միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում գտնվող բնակավայրերի բնակիչների վերաբնակեցումը։
«Առանցքային նշանակություն ունի այն, որ միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ մինչեւ 2023-ի ապրիլի 1-ը կտեղափոխվեն նոր երթուղու տարածք», – վստահեցրել է Դենիս Գոնչարը։
Նա ընդգծել է, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը այն տեսակետին են, որ Լաչինի միջանցքի շուրջ բոլոր հարցերի կարգավորումը պետք է իրագործվի 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կնքված հայտարարության դրույթների համապատասխան։