Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթն ավելի շատ ինքնագովազդ էր հիշեցնում։ Խորհրդարանի ամբիոնից նա ճգնում էր համոզել (ի դեպ՝ շատ անհամոզիչ կերպով, շփոթված ու ընկճված տեսքով), թե Ադրբեջանի հերթական հարձակման պատճառն իր իշխանության գրանցած ակնհայտ հաջողություններն են, որոնց այդ երկրի ղեկավարը չի հաշտվում։
Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքով ցանկանում է միջանցքներ ունենալ, բայց ինքը կտրականապես մերժում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքով մենք չենք պատրաստվում որեւէ մեկին միջանցք տրամադրել»։
Ըստ նրա՝ Ադրբեջանը տեսնում է, որ հայկական բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, եւ դա ընկալելով որպես սպառնալիք՝ ցանկանում է կանխել գործընթացը․ «Այն փուլերում, երբ մենք, այսպես ասած, կենտրոնանում ենք Զինված ուժերի եւ բանակի բարեփոխումների թեմայի վրա, ահա այդ ժամանակներում նման սադրանքներն իրականացվում են նաեւ պրոցեսն արդեն հայտարարված օրակարգով խոչընդոտելու համար»։
Եվ վերջապես, Ադրբեջանը տեսնում է, որ «ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ», տնտեսական ազատության ինդեքսում էլ հայտնվել է աշխարհում առաջատար դիրքերում, հետեւաբար. «Այս սադրանքը նպատակ ունի նաեւ Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու»։
Ճիշտ նույն կերպ ժամանակին խոսելով 44–օրյա պատերազմի պատճառների մասին՝ փորձում էր համոզել, թե Ադրբեջանը չէր հանդուրժում, որ Հայաստանում ժողովրդավարություն է հաստատվել, եւ երկիրը զարգանում է, ուստի պատերազմ է հայտարարել։ Պատերազմից ընդամենը երկու օր անց միջազգային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա համոզում էր․ «Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության»։
Կարճ ասած՝ ելույթի ամբողջ իմաստն այն էր, որ Հայաստանի իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ երկիրը տանում են զարգացման ու բարգավաճման ուղիով, հակառակորդ պետությունն էլ փորձում է կանխել այդ ընթացքը։
Սա Փաշինյանի ինքնագովազդի միայն մի դրվագն էր. նա խորհրդարանում դժգոհում էր, որ բոլորն իրեն հարցնում են՝ «ինչ ես արել պատերազմը դադարեցնելու համար», բայց ոչ ոք չի հարցնում, թե ինչ է արել պատերազմում հաղթելու համար։ Թեեւ հնչեցրեց հարցը, բայց չպատասխանեց՝ երեւի ավելորդ համեստությունից ելնելով, այլապես ստիպված էինք լինելու լսել հերթական «100 փաստը Նոր Հայաստանի մասին»։
Փոխարենը հերթական անհասցե «մուննաթները» հնչեցրեց ՌԴ-ի հասցեին։ Նախ հայտարարեց, թե Հայաստանն աջակցության համար դիմել է ՌԴ-ին, ինքն էլ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ։ Սակայն արդեն զենք ձեռք բերելու մասին ասաց. «Բնականաբար ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են։ Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ ՀՀ-ն զենք գնի այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել»։ Փաշինյանն, իհարկե, չհնչեցրեց ՌԴ-ի անունը, սակայն առավել քան պարզ էր, որ ակնարկը հենց պաշտոնական Մոսկվային է ուղղված։ ՌԴ-ն է Հայաստանի հիմնական զենքի մատակարարը, եւ հենց նա է, որ կարող է «պատրաստ չլինել» Հայաստանի՝ ուրիշ երկրից զենք գնելուն։ Ճիշտ նույն կերպ օրերս Նիկոլ Փաշինյանն առանց անուն տալու ՌԴ-ին մեղադրում էր, որ դաշնակցում է Հայաստանի հակառակորդների հետ։
Ռուսաստանին իհարկե կարելի է քննադատել։ Բայց ոչ հիմա, երբ ՀՀ-ն նրանց օգնությանն է դիմում բոլոր հնարավոր խողովակներով եւ, ընդհանրապես, աննախանձելի վիճակում է։
Բայց իշխանություններն այս նրբությունները չեն հասկանում։ Եվ հազիվ թե հասկանան. կարեւորը թամաշան է ու այս պահի «լայքերը»։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: