Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը հայտնել է, որ Հայաստանն իր օդային տարածքը փակելու որոշում չի ընդունել։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Աղաբեկյանը չի հերքել ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների` ՀՀ տարածքը շրջանցելու մասին տեղեկությունները՝ միաժամանակ նշելով, որ դա այդ երկրի կամ ավիաընկերությունների զգուշավորության արդյունք է։
Ավելի վաղ Hetq.am-ը հայտնել էր, որ Բաքվից Նախիջեւան թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռները սեպտեմբերի 12-ին թռիչքներն իրականացրել էին Իրանի օդային տարածքով` շրջանցելով Հայաստանի երկինքը։
Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները, հավելելով հայաստանյան լրատվամիջոցի տեղեկությունները, հայտնել էին, որ «Թուրքական ավիաուղիները» նույնպես այս օրերին խուսափում են ՀՀ օդային տարածքից։
Ըստ ադրբեջանական axar.az կայքի՝ սեպտեմբերի 14-ին իրականացվել է Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթը՝ օգտագործելով Իրանի եւ Վրաստանի օդային տարածքները։
2021-ի սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջեւան չվերթ էր կատարել Հայաստանի տարածքով, որը վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն էր։