ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է։
«13։00-ից սկսած Սոթքից մինչեւ Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները` թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը` լայնորեն կիրառելով նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր»,– նշել է Թորոսյանը։
Ըստ նրա` հատկանշական է, որ հարվածներ են հասցվել նաեւ մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տրանսպորտային միջոցներին։
Թորոսյանը հավելել է, որ սա հերթական վկայությունն է, որ հակառակ պաշտոնական Բաքվի հայտարարություններին՝ ադրբեջանական զինուժը թիրախների միջեւ տարբերություն չի դնում։ Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաեւ դիրքային առաջխաղացման փորձերը։
ՀՀ զինված ուժերը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը սեպտեմբերի 14-ին ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 12-ի դրությամբ, բացի Ջերմուկից եւ Վերին Շորժայից, մյուս ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է։