Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս պահին հայկական կողմն ունի 105 զոհ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, թե «Բաքուն պատրաստ է Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները»:
«Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին՝ դադարեցնել կրակը եւ պատրաստ է միակողմանիորեն հակառակ կողմին հանձնել հայ շուրջ 100 զինծառայողների մարմինները, որոնք զոհվել են սեպտեմբերի 12-ին եւ 13-ին», — նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։
Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հերթին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից մի անձ է գերեվարվել:
«Ցավոք սրտի, ունենք մեկ գերեվարված անձ»,- նշել է Կիրակոսյանը: Նա հավելել է, որ շրջանառվում է տեսագրություն, որտեղ երեւում է գերեվարված մեր վիրավոր հայրենակիցը: Նրա իրավունքների պաշտպանության նպատակով արդեն ներկայացվել է դիմում Եվրոպական դատարան: