Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) տարբեր տեսանյութերում երեւացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար:
Նշվում է, որ սեպտեմբերի 13-ից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երեւում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ գտնվող հայ ռազմագերիներ:
«Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երեւացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչը հաստատել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից մի անձ է գերեվարվել: