Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Մասսիմիլիանո Կապիտանիոն երկրի խորհրդարանում իր բողոքի ձայնն է բարձրացրել հերթական անգամ Հայաստանն ադրբեջանական հարձակման ենթարկելու կապակցությամբ:
Իտալիայի խորհրդարանի պատգամավորը հույս է հայտնել, որ հրադադարի մասին հայտարարությունը կհարգվի, եւ հայ ժողովուրդը կկարողանա վերջապես խաղաղ ապրել՝ առանց շարունակական եւ չարդարացված ագրեսիայի ենթարկվելու։ Կապիտանիոն ակնկալում է, որ պետք է վերջ դնել պատերազմին։
Բողոքի ձայնին միացել են նաեւ խորհրդարանականներ՝ Պաոլա Բինետտին, Ստեֆանո Բորգեզին, Ումբերտո Բուրատտին, Լաուրա Կավանդոլին, Ջուլիո Չենտեմերոն, Վիտո Կոմենչինին, Ջուզեպպե Դոնինան, Պաոլո Ֆորմենտինին, Նիկոլո Ինվիդիան, Ելենա Մուրելլին, Տուլիո Պատասինին, Կատիա Պոլիդորին, Ալբերտո Ռիբոլլան եւ Ջովաննի Տոմբոլատոն։
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բռնկված ողբերգական հակամարտության լույսի ներքո եւ վշտացած զոհերի ընտանիքներով, որոնց թիվը, ցավոք, շարունակում է աճել համաձայն պաշտոնական մամուլի հաղորդագրությունների, հույս ենք հայտնում, որ զինված ագրեսիան անմիջապես կդադարի, եւ որ միջազգային հանրությունը բացահայտորեն կդատապարտի ագրեսորին եւ ցանկացած գործողություն, որը խախտում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը»,- ասված է հայտարարությունում:
Իտալիայի հայոց միությունը երախտագիտություն է հայտնել Իտալիայի պատգամավորների պալատի անդամներին՝ «նրանց դավանած բարձր արժեքների եւ մշտապես արդարության կողքին կանգնելու համար»։