Ըստ Euronews գործակալության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը հույս ունի էապես բարելավելու էլեկտրաէներգիայի ներկրումն Ուկրաինայից՝ ԵՄ շուկա Ուկրաինայի հասանելության դյուրացման եւ ուկրաինական կապի օպերատորների համար ռոումինգի վերացման դիմաց։
Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կմնան ուժի մեջ, քանի դեռ ռուսական տնտեսությունը չի խաթարվել։ Նա նշել է, որ սա միայն Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը չէ: Ըստ նրա՝ սա նաեւ պատերազմ է ԵՄ էներգիայի ու տնտեսության, եվրոպական արժեքների եւ Եվրոպայի ապագայի դեմ:
«Խոսքը ինքնակալության՝ ընդդեմ ժողովրդավարության մղվող պատերազմի մասին է, եւ ես հիմա այստեղ լիովին համոզված եմ, որ անհրաժեշտ խիզախության ու համերաշխության առկայության դեպքում Պուտինը կպարտվի, իսկ Եվրոպան ու Ուկրաինան կհաղթեն»,- ընդգծել է Ֆոն դեր Լայենը «ԵՄ-ում տիրող իրավիճակի մասին» ամենամյա զեկույցի ներկայացման ժամանակ։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է նաեւ, որ մեկնարկում են ԵՄ էներգաշուկայի բարեփոխումները, որոնց գլխավոր նպատակը ավանդական եւ այլընտրանքային աղբյուրներից ստացվող էլեկտրականության գնագոյացումն իրարից զատելն է։ Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ԵՄ-ում էլեկտրականության թանկացման դեմ պայքարելու համար առաջարկվել է 140 միլիարդ եվրոյի միջոցառումների փաթեթ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը