Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 15-ի գիշերվա Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
«Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ: Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը»,- ասաց Գրիգորյանը:
Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Բաքուն Երեւանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել, Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։
Ադրբեջանը նաեւ պատրաստակամություն էր հայտնել հանձնելու շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները:
Գիշերը սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Սեպտեմբերի 14-ին 20.00-ից հայ-ադրբեջանական սահմանի բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել էր, էական միջադեպեր չէին արձանագրվել։