Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ երեքշաբթի ֆոնդային բորսայում արձանագրված անկման հետեւանքով մեկ օրում ընդհանուր առմամբ կորցրել են 50 միլիարդ դոլար։
Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի՝ Tesla-ի բաժնետոմսերի գնի 4%-անոց անկման հետեւանքով Իլոն Մասկի ունեցվածքը կրճատվել է 8 միլիոն դոլարով։ Amazon-ի բաժնետոմսերի 7%-ով անկման հետեւանքով Ջեֆ Բեզոսի ունեցվածքը նվազել է 10 միլիարդ դոլարով։
«Google-ի տղաները»՝ մականունով հայտնի Alphabet ընկերության համահիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը, կորցրել են 5-ական միլիարդ դոլար գովազդաորոնողական հսկայի բաժնետոմսերի 6%-անոց անկման հետեւանքով։
Microsoft-ի բաժնետոմսերի 5%-անոց անկումն էլ 3 միլիարդ դոլարով կրճատել է Բիլ Գեյթսի եւ 5 միլիարդ դոլարով՝ նրա նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերի ունեցվածքը։ Հայտնի գործարար Ուորեն Բաֆետը Berkshire Hathaway-ի բաժնետոմսերի էժանացման հետեւանքով 3 միլիարդ դոլար է կորցրել:
Oracle-ի բաժնետոմսերի էժանացումն էլ 2 միլիարդ դոլարով է կրճատել Լարի Էլիսոնի ունեցվածքը։ Մարկ Ցուկերբերգը բորսայական անկման հետեւանքով 6 միլիարդ դոլար է կորցրել, LVMH-ի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն՝ 4 միլիարդ դոլար։
Մեկ տարվա ընթացքում աշխարհի 10 ամենահարուստ գործարարների ունեցվածքը, այսպիսով, կրճատվել է 295 միլիարդ դոլարով կամ 20%-ով։ Սակայն նրանց համախառն ունեցվածքը նախկինի պես հասնում է 1,2 տրիլիոն դոլարի սահմանին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը