ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին, հայտարարել է, որ Վաշինգտոնում խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող հարձակումներով, որին ականատես են արդեն երկրորդ օրն անընդմեջ:
Միացյալ Նահանգներն առանձնապես անհանգստացած է Հայաստանի ներսում խաղաղ բնակչության շրջանում տուժածների վերաբերյալ հաղորդումներով:
«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենն այս շաբաթվա սկզբին՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, հնարավորություն ունեցավ մեկ գիշերում խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Նա մեր մտահոգությունն է հայտնել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ Հայաստանի ներսում ռմբակոծությունների մասին հաղորդումները: Նա նախագահ Ալիեւին հորդորել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետ քաշել զորքերը սահմանից եւ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, եւ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- նշել է Նեդ Փրայսը:
Պետդեպարտամենտի խոսնակը հավելել է, որ այդ համատեքստում, անգամ նախկինում, երկու ղեկավարներին եւ բոլոր մակարդակներում ԱՄՆ-ը հասկացրել է, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:
Ըստ Փրայսի՝ Միացյալ Նահանգներն երկու կողմերին հորդորել էզերծ մնալ ռազմական հետագա գործողություններից եւ ներգրավվել երկխոսության եւ դիվանագիտության մեջ:
«Հակամարտությունների շուրջ բանակցությունների գծով մեր ավագ խորհրդական դեսպան Ռիքերը Բաքվում հանդիպել է նախագահ Ալիեւին։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը այսօր կեսօրին զրուցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, եւ մենք հավատարիմ ենք մնում այն քայլերին ՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ եւ բարգավաճ ապագան խթանելուն»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: