Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Հայաստանի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի։
Սահակյանը հավելել է, որ այս պահին ենթադրաբար շուրջ երկու տասնյակ գերի կա։ Պետական կառույցներն ու մարդու իրավունքների պաշտպանները տեսանյութեր են ուսումնասիրում, նույնականացման փաստահավաք աշխատանքներ են կատարում։ Ըստ նրա՝ Կարմիր խաչն իր հերթին հարազատների դիմումների հիման վրա տեղեկություն է հավաքում։
Իրավապաշտպանն ընդգծել է, որ բոլոր այն անձինք, որոնք ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկությունը փոխանցեն նաեւ Կարմիր խաչին։ Անձի մասին որեւէ տեղեկություն չունենալու դեպքում եւս պետք է տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին եւ իրավապաշտպան կառույցներին։
Սիրանուշ Սահակյանը շեշտել է, որ աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։ Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր են ուղարկվել։ Սահակյանը նշել է, որ իրենք եւս տեղեկություններ են ստանում հարազատներից ու նույնականացում են կատարում։