Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում, որտեղ սեպտեմբերի 15-ին մեկնարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, սեպտեմբերի 16-ին բանակցություններ կանցկացնեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ:
Միջոցառմանը որպես հյուր հրավիրված ՀՀ վարչապետ Փաշինյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկել է այցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովն իր գլխավորած խմբի հետ սեպտեմբերի 15-ի երեկոյան կժամանի Երեւան։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ գեներալ Սիդորովը ճեպազրույցում նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։
«Եկեք առաջ չընկնենք, սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որ կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, պետք է լուծվի քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով», — շեշտել է Անատոլի Սիդորովը: Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ ռազմական ուժ կիրառելու մասին ո՛չ հիմա, ո՛չ մոտ ապագայում խոսք չկա:
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։ «Հուսով ենք՝ գործընթացները կշարունակվեն այս կերպ, դրանք կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման», — հավելել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը։