ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնել է, որ Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական հարձակման հետեւանքով 192 բնակելի տուն է վնասվել, որոնցից 60-ը` ամբողջությամբ։
«Վնասվել են նաեւ մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա եւ շտապօգնության մեքենաներ։ Ունեցել ենք հոսանքազրկումներ, սակայն ՀԷՑ–ը օպերատիվ կարգով լուծել է այդ խնդիրը։ Այս պահին խնդիր ունենք միայն Ներքին Շորժայի հատվածում, որտեղ հոսանքի մատակարարումն ու բջջային կապը դեռ չեն վերականգնվել»,- նշել է փոխնախարարը։
Ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն Ներքին Հանդի ուղղությամբ. փոխմարզպետ
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ` սահմանային հատվածում, ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում երեկ հայտնել էր` եթե ադրբեջանական ԶՈՒ-ն նախորդ տարվա մայիսի 12-ին 40 քկմ տարածք էր բռնազավթել մեր երկրից, ապա այս պահի դրությամբ եւս 10 քառակուսի կմ են բռնազավթել:
«Խոսքը սահմանային դիրքային առաջխաղացման մասին է, գյուղ չեն մտել, գյուղն իր տեղում է` հայկական վերահսկողության ներքո։ Ներքին Հանդից տարհանվել են կանայք ու երեխաները, բայց տղամարդիկ տեղում են։ Նրանց նաեւ զենք են բաժանել, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտակար լինեն բանակին»,– ասել է Ղազարյանը։
Նա հայտնել է նաեւ, որ Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ճակատեն համայնքներից տարհանում չի արվել։ Սյունիքի փոխմարզպետը հավելել է, որ երեկվանից կրակոցները դադարել են, այս պահին էլ խաղաղ է։