Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի նկատմամբ իրականացրած պատերազմական գործողություններով եւ ռազմական ներխուժմամբ փորձում է միջանցք զավթել:
Իլհամ Ալիեւը մի քանի անգամ սպառնացել է, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դրան կհասնի ուժի կիրառումով եւ պարտադրանքով: Ալիեւը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունն արդարացնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջին՝ 9-րդ կետով, որում ասվում է.
«Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
Նոյեմբերի 9-ի հայտարարության սեւագիր տարբերակում օգտագործվել է «Մեղրիի միջանցք» ձեւակերպումը, որը դուրս է մնացել վերջնական տեքստից հայկական կողմի պնդումով:
Ադրբեջանի նախագահը 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանից պահանջեց հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրներ ստեղծել:
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ճանապարհներ տրամադրելու, բայց ոչ միջանցք:
Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքներով եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումներով ձգտելու է հասնել նրան, որ Երեւանը ստիպված լինի տրամադրել միջանցք այնպիսի կարգավիճակով, ինչպիսին ունի Հայաստանը Արցախի հետ կապվելու համար: Ավելի պարզ՝ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար պահանջում է մի ճանապարհ, որտեղ չի հանդիպի հայ սահմանապահների եւ մաքսային աշխատակիցների:
Եթե Հայաստանը համաձայնի, ապա մենք կկորցնենք Իրանի հետ մոտ 45 կմ երկարությամբ սահմանը եւ կունենանք ընդամենը Հայաստան-Իրան կամրջից ազատ օգտվելու իրավունք:
Իրանը կտրականապես դեմ է, հայտարարում է, որ դա իր համար կարմիր գիծ է, սակայն հայտնի չէ, թե ինչ գործողությունների կդիմի Թեհրանը: Հավանաբար չպետք է ակնկալել, որ Իրանը կդիմի ռիսկի եւ ռազմական բախման մեջ կմտնի Ադրբեջանի եւ նրա հովանավոր Թուրքիայի հետ:
Ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը:
Հայտարարությունների մակարդակով Մոսկվան եւս դեմ է միջանցքին, սակայն իր գործողություններով չի զսպում Ադրբեջանին: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի նպատակը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնելն է՝ անկախ նրանից, թե այդ հաղորդակցություններն ինչ կարգավիճակ կունենան:
Հայաստանն այս հարցում, ըստ էության, մնացել է միայնակ եւ չունի դաշնակից:
Այսօր, այս պահին Հայկական բանակը, կանխելով ադրբեջանական ներխուժումները, փորձում է խոչընդոտել ադրբեջանա-թուրքական նպատակները:
Այսօր, այս պահին Հայաստանի սահմանին արյուն թափող եւ իր կյանքը տվող հայ զինվորը պայքարում է ընդդեմ միջանցքի:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։