ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չնայած սահմաններին տիրող լարվածությանը` Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել։ «Սա գլխավոր առաջնահերթությունն է։ Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն»,- շեշտել է Զախարովան:
Դիվանագետը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, սեպտեմբերի13-14-ը` Երեւան:
Այցերի հիմնական թեման, ըստ Զախարովայի, եղել է խաղաղության պայմանագրի քննարկումը։ Ռուսաստանը ձգտում է մոտեցնելու կողմերի դիրքորոշումները։ Նա վստահեցրել է, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ տարածաշրջանի խաղաղ կարգավորման հիմքը։ Մոսկվան ակնկալում է՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը կպահպանվի։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերելու, բոլոր խնդիրները լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այդ թվում ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում: