Հայաստանում եւ Հայաստանի շուրջն իրավիճակը չափազանց լուրջ է, շատ ավելի լուրջ, քան կարելի է պատկերացնել։ Իրավիճակը ներկայացնելու, այս օրերի իրադարձությունները թվարկելու կարիք, թերեւս, չկա։
Եվ ի՞նչ է անում իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ճիշտ եք, ավելի է սադրում իրավիճակը։
Նախ՝ Փաշինյանի մասնակցությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում երկար ժամանակ նիստ էր անցկացնում։ Ապա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում (ուղիղ եթերով) պատգամավորներն ավելի քան մեկուկես ժամ հարցեր էին ուղղում հիմնականում վարչապետին (նույն այն ընթացքում, երբ սահմանին դեռեւս չէին դադարել կրակոցները)։
Եվ ԱԺ նիստն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, որը, կարելի է ասել, ալեկոծեց առանց այն էլ լարված ներքաղաքական դաշտը։
«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց ծանր որոշում չի նշանակում Հայաստանի պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Առանց այն էլ լարված իրավիճակում այս խոսքերը ռումբի ազդեցություն ունեցան։ Խորհրդարանական ընդդիմությունը միանգամից որսաց նրա խոսքերը՝ մեղադրելով հերթական «դավաճանական փաստաթուղթը» ստորագրելու պատրաստակամության համար, անգամ պնդել, որ իրականում վաղուց է ամեն ինչ ստորագրվել, բայց հիմա է հայտարարվում։ Հնչեցին ԱԺ-ի եւ Կառավարության շենքերի մոտ հավաքվելու կոչեր, եւ կարճ ժամանակ անց Բաղրամյան պողոտան ու Հանրապետության հրապարակը մարդաշատ էին։
Երեկոյան, երբ արդեն ակնհայտ էր՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, Նիկոլ Փաշինյանը շտապեց պարզաբանել իր խոսքերը։ Նա ֆեյսբուքյան էջում գրառում արեց. «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»:
Ապա Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մոտ 15 րոպե շարունակ նույնն էր պնդում՝ համոզելով, որ որեւէ փաստաթուղթ էլ չի պատրաստվում ստորագրելու։
Հետո արդեն ԱԱԾ-ն հանդես եկավ այդ մասին հատուկ հայտարարությամբ՝ պարզաբանելով Փաշինյանի խոսքերը եւ վերահաստատելով՝ «որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի նախապատրաստվում ստորագրվել»։
Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է ցանկացած առիթ օգտագործել հասարակությանն իշխանության դեմ հանելու եւ հեղաշրջում կազմակերպելու համար։ Սակայն երեկ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է, որն իր հայտարարություններով իրականում սադրեց երեկվա միջադեպերը։
Չգիտի՞ Նիկոլ Փաշինյանը, թե լարված իրավիճակում իր ցանկացած անզգույշ խոսք ինչ հետեւանքներ կարող է ունենալ, չգիտի՞, թե ինչպես կարող են մանիպուլացնել նրա ասածները եւ ներկայացնել հասարակությանը։ Թե՞, այնուամենայնիվ, հիմնավոր է տեսակետը, որ նրան էլ է ձեռնտու այս աղմուկը, որպեսզի ամեն կերպ խուսափի փաստաթուղթ ստորագրելուց, ուստի «փողոց դուրս գալու իշմար է անում ընդդիմությանը»։
Ընդ որում՝ սա առաջին նման դեպքը չէ։ Հիշո՞ւմ եք՝ երկու տարի առաջ ինչ մեծ աղմուկ բարձրացավ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկի կապակցությամբ։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին նա հայտարարել էր. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Այս խոսքերն էլ շատերը մեկնաբանեցին որպես քաղաքացիական բախումների կոչ։ Եվ հաջորդ օրը Փաշինյանը ստիպված էր ասուլիսում պարզաբանել ինքն իրեն՝ համոզելով, թե ինքը միանգամայն այլ բան է նկատի ունեցել։
Համաձայնեք, որ այնուամենայնիվ, արժանի չենք նման որակի իշխանություն եւ ընդդիմություն ունենալուն. սա չափազանց մեծ շռայլություն է, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ այս օրերին։
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: