Եվրամիությունը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված եւ սեպտեմբերի 14-ի՝ 20:00-ից ուժի մեջ մտած հրադադարի պայմանավորվածությունը։
«Մեզ ոգեւորում են ստացվող զեկույցներն այն մասին, որ հրադադարը մինչեւ այժմ պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին՝ շարունակելու հրադադարի ռեժիմի պահպանումը եւ համակարգելու մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը»,- ասված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:
ԵՄ-ն շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։