Ցանկացած կառույցի պաշտոնական տեսակետը ներկայացնելու իրավունք ունեն երկու հոգի՝ կառույցի ղեկավարը եւ մամուլի քարտուղարը, որին հաճախ հենց անվանում են այդ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ։
Նիկոլ Փաշինյանը անցյալ տարվա նոյեմբերից մամուլի քարտուղար չունի։ Ի՞նքը չի ուզում, թե՞ ոչ մի պրոֆեսիոնալ չի ցանկանում նրա մոտ աշխատել՝ հասկանալով, որ դա հղի է մեծ կոնֆլիկտով մի մարդու հետ, որը անհավասարակշիռ է, կարող է ցանկացած պահի պայթել ու այնպիսի բաներ ասել, որի տակից հետո դժվար է դուրս գալ։
Օրինակը, թե ինչ է ստացվում այդ, մեղմ ասեմ, չհավասարակշռված խոսքից, թե ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ, տեսանք Ազգային ժողովում Փաշինյանի մի, իսկապես չկշռադատված եւ երկիմաստություն պարունակող խոսքից.
«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»:
Եվ երբ այս խոսքերը ժողովրդի մի մասը ընկալեց ոչ այնքան համարժեք կամ գուցե իր պատկերացմամբ համարժեք եւ դուրս եկավ բողոքի, ով ասես որ հանդես չեկավ «պարզաբանմամբ». Աժ նախագահը, ՔՊ-ական պատգամավորները, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ինքը՝ Փաշինյանը գրառմամբ, հետո՝ ուղիղ եթերով եւ վերջապես ազգային անվտանգության ծառայությունը։
Հիմա հարց. այդ երբվանի՞ց է ԱԱԾ-ն ստանձնել վարչապետի մամուլի քարտուղարի գործառույթները, այլ գործ չունի՞, ասենք, հետախուզությամբ իմանալու, թե Ադրբեջանը որտեղից է պատրաստում հերթական հարվածը։
Բայց թողնենք ԱԱԾ-ին իր գործառույթների հետ։
Պարզ է, որ մամուլի հետ աշխատելու հստակ քաղաքականության բացակայությունն է հանգեցրել նրան, որ հասարակությունը սկսում է տեղեկություններ փնտրել այլ տեղ։
Այդ քաղաքականության բացակայությունն է նաեւ, որ ՊՆ խոսնակը (այսինքն՝ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը) հերթապահ բառերից ավելի չի ասում։ Անգամ զոհերի թիվը եւ թշնամու օկուպացրած տարածքի քանակը հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Ու այդքանից հետո ՊՆ-ն հորդորում է հետեւել միայն պաշտոնական տեղեկություններին։ Կարդացե՛ք պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հերթապահ նախադասություններն ու ցո՛ւյց տվեք այդտեղ տեղեկություն, որին պետք է հետեւել։
Մինչդեռ մարդիկ տեղեկություն են ուզում, որովհետեւ ցանկանում են իմանալ, օրինակ, Ջերմուկ քաղաքը ռմբահարվո՞ւմ էր, թե՞ ոչ, «թիրախավորում են նաեւ քաղաքացիական օբյեկտներ» արտահայտությունը սահմանի ո՞ր հատվածին է վերաբերում, ի՞նչ քաղաքացիական օբյեկտներ են, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր կա՞ն, թե՞ ոչ։
Հարցեր, որոնց պատասխանները մարդիկ չէին ստանում բուն պատերազմի ընթացքում։
Համարյա համոզված եմ, եթե անգամ Փաշինյանը բառացի չէր արգելել խոսել այդ մասին, ապա հաստատ նրա հնարավոր արձագանքից վախն էր ստիպում պետական բոլոր կառույցներին լռել եւ անգամ չպատասխանել լրագրողների կոնկրետ հարցերին։
Եվ այսքանից հետո մեղադրել հասարակ քաղաքացիներին, թե սխալ են հասկացել Փաշինյանին եւ դուրս են եկել բողոքի, մեղմ ասած, ազնիվ չէ։
Հո Արցախի ղեկավարությո՞ւնն էլ սխալ չէր հասկացել, որ ամբողջ կազմով եկել էր Երեւան՝ պարզաբանում ստանալու։
Սխալ չէր հասկացել, որովհետեւ երբ Փաշինյանն ասում է «Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 ք/կմ տարածքով…», ապա տեքստ վերլուծել չիմացողին էլ պարզ է, որ նա ակամա խոստովանում է, թե Արցախն արդեն դուրս է դրել բանակցություններից։ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը Հայաստանի Հանրապետության տարածքն է եւ չի ներառում Արցախը։
Իսկ սրա արդարացումը կամ պարզաբանումն էլ արեց Արցախի ղեկավարության հետ հանդիպմանը։ Վերջիններս էլ կարծես թե գոհ էին։
Եվ այսպես միշտ, անգամ ոչ լարված իրավիճակներում. ինքն ասում է, հետո ինքն էլ փորձում իրեն «պարզաբանել», մի քիչ անց էլ «պարզաբանում է» նախկին «պարզաբանումը», իսկ ամենասկզբում կամ ամենավերջում հոխորտում է իրեն քննադատողների վրա՝ ցանկացած քննադատություն որակելով «հակառակորդի թեզերի» տարածում։
Հ. Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ տարածվեց ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանի ցինիկ պահվածքը որոշ լրագրողների նկատմամբ։ Սա ամբողջությամբ բնութագրում է ոչ միայն քաջնազարաբար պաշտոնի հասած Սիմոնյանին, այլեւ այս իշխանության էությունը. նրանք չեն հասկանում, որ իրենց համար չպիտի լինեն յուրային եւ ոչ յուրային լրատվամիջոցներ, նրանք իշխանություն կրողի պարտականություններից ոչինչ չեն հասկացել, նրանք միայն գիտեն հունաստաններում տժժալու, եղբոր ընկերություններին պետպատվերներ տալու եւ այլ կայֆերից օգտվելու իրենց իրավունքը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։