ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում քննարկվել է սահմանին տիրող իրավիճակը:
«Պետքարտուղար Բլինքենը փոխանցել է մեր ցավակցությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։ Նա հաստատել է մեր հավատարմությունը խաղաղ կարգավորման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն ցուցաբերելուն»,- նշել է Փրայսը:
Բլինքենը նշել է, որ հարցի լուծման միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Պետքարտուղարը հավաստիացրել է, որ անձամբ է զբաղվելու այդ խնդրով։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան գրառմամբ ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը, նշել, որ շարունակելու են աշխատել կողմերի հետ՝ այն ամրապնդելու համար։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի խաղաղ եւ բարգավաճ ապագան խթանելուն»,- գրել էր նա։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը կժամանի Հայաստան
Ամերիկյան Politico պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամերիկահայ օրենսդիրներից մեկի` կոնգրեսական Ջեքի Սփեյերի ուղեկցությամբ այս շաբաթ կգա Հայաստան եւ կհանդիպի վարչապետ Փաշինյանի եւ այլ պաշտոնյաների հետ։
Նենսի Փելոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը զբաղեցրել է 2007-2011, ապա՝ 2019-2020 թվականներին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում նա վերընտրվել է 2021–ի հունվարի 3-ին։