ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի առաջնորդ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները, հատկապես` բարձր տեխնոլոգիական ոլորտներում, դրական են զարգանում: Պուտինը նշել է, որ բազմաթիվ միջազգային հարցերում Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումները համընկնում են:
«Զարգանում են միջտարածաշրջանային կապերը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ընդ որում` բազմաթիվ կետերով մեր դիրքորոշումները մոտ են կամ, ինչպես դիվանագետներն են ասում, համընկնում են»,- հայտարարել է Պուտինը:
Կողմերն արձանագրել են, որ ավարտվում են մեծ պայմանագրի նախապատրաստման աշխատանքները, ինչը երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության նոր մակարդակ կտեղափոխի:
Իրանի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ապակայունացնող եւ անընդունելի գործողություն է: