Ըստ «Սպուտնիկ Տաջիկստան»-ի՝ Տաջիկստանի ու Ղրղզստանի միջեւ սահմանային բախումների հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է վիրավորվել: Նշվում է, որ առավոտյան կիրառվել են նաեւ տանկեր եւ անօդաչու թռչող սարքեր։
Գործակալության տվյալներով՝ Տաջիկստանի զինված ուժերը գրավել են վիճելի տարածքների մերձակա երկու բնակավայրեր՝ Դուստուկն ու Մաքսադը: Ո՛չ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը, ո՛չ Տաջիկստանի ուժայինները, սակայն, այս տվյալները դեռ չեն հաստատել։ Ըստ սահմանամերձ շրջանների բնակիչների՝ սահմանի երկայնքով մարտեր են ընթանում։
«Սպուտնիկ Ղրղզստան»-ն իր հերթին հայտնել է, որ ԱԻՆ-ը կազմակերպված տարհանում է սահմանամերձ Բատկենի եւ Լեյլեկի շրջանների բնակիչներին: 10:00-ի տվյալներով՝ ղրղզական կողմից 18 մարդ է տուժել:
Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել տաջիկական կողմին։ Բիշքեկը նշել է, որ խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տաջիկական կողմը, նախապես զորքերը կուտակելով Ղրղզստանի Հանրապետության սահմանի մոտ, օգտագործելով զինված ուժեր, ծանր տեխնիկա, հարձակվել է Բատկենի ու Լեյլեկի շրջաններում ղրղզա-տաջիկական պետական սահմանի ամբողջ երկայնքով սահմանային ու քաղաքացիական օբյեկտների վրա:
Ղրղզական կողմը պահանջել է դադարեցնել կրակը եւ հետ քաշել ռազմական կազմավորումները՝ ընդգծելով, որ սահմանի բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
Ներկայում Ղրղզստանի ՊԱԿ-ի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւն ու նրա տաջիկ գործընկեր Սայմումին Յատիմովը բանակցում են: