ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, որոնց թվում՝ ԵՄ դեսպան Անդերա Վիկտորինը եւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ժամանել են Ջերմուկ:
Դեսպանները հանդիպել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի հետ։ ԶՈՒ ԳՇ պետը նրանց հայտնել է, որ Ջերմուկում հակառակորդը հարձակողական գործողություններով ունեցել է որոշակի հաջողություններ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչեւ 7,5 կմ խորությամբ։ Ներկայում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա են։ «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ-ն իրականացրել է խմբերով, ջոկատներով, եւ դրանց որոշակի խմբեր, ջոկատներ մեր ստորաբաժանումների հսկողության տակ են, նաեւ շրջափակումների մեջ»,- հավելել է նա:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է, որ մինչեւ ռազմական գործողությունը Ջերմուկը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։
«Մյուս հատվածների ներխուժումը համեմատելի չէ Ջերմուկի հետ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել։ Ջերմուկը հակառակորդի հիմնական գործողությունների ուղղությունն է այս պահին»,- նշել է Ասրյանը։
Ըստ նրա, հաշվի առնելով հակառակորդի գերակշռությունը, որոշ մարտական դիրքեր կորցրել ենք, եւ հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը:
Ներկա դրությամբ հայկական զորքը գտնվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, եւ արձանագրվում են ադրբեջանական ստորաբաժանումների բազմաթիվ շարժեր տարբեր ուղղություններում։
Ասրյանը հայտնել է, որ ադրբեջանցիները Ներքին Հանդի եւ Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1,5 կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել:
ԶՈՒ ԳՇ պետը նշել է, որ ադրբեջանական կողմը վայրագությունների է դիմել մեր զինծառայողների, նրանց թվում` կանանց նկատմամբ։ Հակառակորդն իրեն պահել է վայրագության վերջին աստիճանի։
«Բոլոր փաստերը կտրամադրենք տեսաերիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,– ասել է նա։
Ասրյանը հավելել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ, ռեակտիվ հրետանի եւ հրետանային համակարգեր, հարվածներ են հասցրել ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ ենթակառուցվածքներին։