Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել է, որ ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է ընդունել։ Ըստ այդմ՝ խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020-ի սեպտեմբերի 29-ի որոշումը (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանելու Կոնվենցիայի պահանջները, նաեւ գերիների մասով) ուժի մեջ է եւ տարածվում է այս դեպքերի վրա: Որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել այս մոտեցման փոփոխության։
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հավելել է, որ հայ ռազմագերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են գործընկեր կառույցների հետ, որոնց արդյունքները պարբերաբար լրացվում են Եվրոպական դատարան ուղարկված Հայաստանի դիմումներով։