«Մենք շատ զոհեր ենք ունեցել, որովհետեւ տղաները զրահաբաճկոն չեն ունեցել։ Շատ դեպքերում բեկորները կպել են հատկապես մարմնի այն մասերին ու մահացու են եղել, որտեղ զրահաբաճկոնը կարող էր փրկել նրանց կյանքը։ Առաջին բուժօգնության պարագաներ չեն ունեցել, որ գոնե արյունահոսությունը կանգնեցնեն, մինչեւ նրանց կհասցնեին հիվանդանոցներ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է «Armenian wounded heroes fund»-ի համակարգողներից Նելսոն Պետրոսյանը։
Նրա այս մտահոգությունները մենք լսել ենք 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, այդ հարցը բարձրացվել է նախ հանրային մակարդակում, այնուհետեւ՝ պետական համակարգում։ Հայկական երկու բանակներում էլ այս խնդիրը կա նաեւ հիմա, եւ ինչպես պատկան մարմինները, այնպես էլ հանրային նախաձեռնություններն են փորձում լուծել այն։
Հանրային ամենահաջողված նախաձեռնություններից է «Armenian wounded heroes fund»-ը, որը հիմնադրվել է 44-օրյայից ավելի վաղ՝ դեռեւս 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո։ Ֆոնդը հիմնականում ֆինանսավորվում է ԱՄՆ հայ համայնքի, հայ բարերարների հանգանակություններով։
Հիմնադիրներից՝ երկար տարիներ ԱՄՆ-ում ապրած Ռազմիկ Արզումանյանն ասում է՝ այն ժամանակ գնահատել են իրավիճակն ու հասկացել, որ բանակին անհրաժեշտ են առաջին բուժօգնության պարագաներ: Եվ մինչեւ 44-օրյա պատերազմը հիմնականում դրանք են մատակարարել։ Աշխատել են Արցախի պաշտպանության բանակի հետ։ Այն ժամանակ ՆԱՏՕ-ն Արցախի ՊԲ-ում բուժակների պատրաստման դասընթացներ է կազմակերպել, ֆոնդը որոշ ժամանակ նրանց բժշկական պարագաներ է մատակարարել։
Զուգահեռաբար ստուգել են, թե իրենց աջակցությունը տեղ հասե՞լ է եւ ի՞նչ ազդեցություն է ունեցել։ «Վիճակագրությունն ապացուցել է, որ մահացու վիրավորվածների մեծ մասը արյունահոսությունից է մահանում, բայց նրանց կարելի է փրկել առաջին բուժօգնությամբ։ Զոհերի 20 տոկոսին կարելի է փրկել հենց այդ պարագաներով։ ՊԲ բուժվարչության պետը, տարբեր մարդիկ ասում են՝ դուք կյանք եք փրկել, օգտագործած պարագաների վրա ձեր կազմակերպության անունն է եղել։ Մինչեւ պատերազմն ունեինք 25-30 հոգու անուններ, որոնք հենց առաջին բուժօգնության պարագաներով են փրկվել։ Պատերազմի ժամանակ տվյալ չունենք, բայց շատ արձագանքներ կան, որ մեր պարագաներն օգնել են նրանց պահպանելու իրենց կյանքը»,- ասում է Արզումանյանը։
44-օրյա պատերազմից հետո որոշել են զրահաբաճկոն եւ սաղավարտ մատակարարել արդեն Հայաստանի բանակին։ Եթե առաջին բուժօգնության նյութերը կարողացել են ԱՄՆ-ից ձեռք բերել, ապա այս պարագաները՝ ոչ, քանի որ դրանք համարվում են ռազմական ապրանք, որոնց տեղափոխումը Հայաստան արգելված է։ Եվ կազմակերպիչները որոշել են տեղում արտադրել։ Հումքը ներկրել են եվրոպական եւ այլ երկրներից, մասնագետների հրավիրել են արտասահմանից։ Չեն պարզաբանում, թե եվրոպական որ երկրի որ ընկերությունից, բայց հավատացնում են, որ հենց այդ ընկերությունը զրահաբաճկոն ու սաղավարտ է մատակարարում նաեւ ԱՄՆ-ի բանակին։
Այդ մասնագետները վերապատրաստել են ֆոնդի հիմնած փոքր արտադրամասի աշխատողներին ու հեռացել են։ Եվ ընդամենը 3 ամսվա ընթացքում արտադրել եւ ՀՀ բանակին են նվիրաբերել 3000 բարձրորակ զրահաբաճկոն ու սաղավարտ, որոնք շատ բարձր են գնահատվել պաշտպանության նախարարությունում։ Կազմակերպիչները չեն սիրում ֆինանսական միջոցներից խոսել, բայց ասում են՝ միայն այս ծրագրի վրա ծախսվել է շուրջ 2,5 մլն դոլար։ Ֆինանսավորում ունենալու դեպքում 20-25 աշխատող ունեցող արտադրամասը կարող է տասնապատկել իր արտադրության քանակը։ Բայց ծրագիրն ավարտվել է, ու սպասում են նոր ֆինանսավորման։
Հենց այս օրերին ԱՄՆ-ում կազմակերպվում է ֆոնդի հերթական դրամահավաք միջոցառումը, որի հանգանակությունները կուղղվեն հետագա ծրագրերին։ Հանգանակությունների գերակշիռ մասն անում են ամերիկահայերը։ Ստեղծման առաջին օրվանից կազմակերպության կողքին է եղել նաեւ հայտնի երգիչ Սերժ Թանկյանը։ Ի դեպ, օրեր առաջ STARMUS փառատոնի շրջանակում Թանկյանը Հայաստանում էր եւ այցելել էր «Armenian wounded heroes fund»-ի հովանավորությամբ գործող «Հայ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն»։
Կազմակերպությունն այս կենտրոնը նույնպես հիմնադրել է 44-օրյա պատերազմից հետո, այստեղ պրոթեզավորվում են մեկ, երկու կամ երեք վերջույթ կորցրած զինվորներ, մարզվում, հարմարվում նոր մեխանիզմներին ու փորձում լիարժեք կյանք վերադառնալ։ Դա այն նույն կենտրոնն է, որը ղեկավարում է 44-օրյայի ժամանակ 2 ոտքն ու 1 ձեռքը կորցրած Սարգիս Ստեփանյանը։ Նրա հետ խոսել չհաջողվեց, քանի որ իր խմբով մեկնել էր Մարոկկո մրցումների։
«Հայ վիրավոր հերոսների վերականգնողական կենտրոնում 40-50 հոգի կարող ենք ընդունել։ «Շեշտը դրել ենք նրա վրա, որ այնտեղ լավ զգալու տեղ չէ, պետք է գնան եւ արդյունք տան։ Շատերն արդեն առաջընթաց ունեն։ Շատերն էլ պրոթեզ ստանում են, բայց ուզում են մնալ աթոռի վրա, պրոթեզին հարմարվելը հեշտ չէ։ Հեշտ չէ, բայց հնարավոր է։ Արդեն գնում են օլիմպիադաների, նրանք արդեն հաշմանդամ չեն զգում»,- հավելում է Ռազմիկ Արզումանյանը։
Ֆոնդի ծրագրերից մեկն էլ դիրքերում զինվորներին լոգարանով ու խոհանոցով, երկաթյա հարմարավետ կացարաններ տրամադրելն է, դա նույնպես Արցախից են սկսել, բայց հիմա պատրաստում են ՀՀ բանակի համար։
«Armenian wounded heroes fund»-ն իր ամենակարեւոր ու մեծ ծրագրերից է համարում վիրավոր զինվորների կրթության եւ նրանց միջոցով մեր երկրում ռազմավարական տեխնոլոգիաների զարգացումը։ Արդեն իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնել են ռոբոտաշինության կենտրոն, ՏՏ ոլորտի ընկերությունների հետ են համագործակցում, որ պատրաստած կադրերին, պատերազմին մասնակցած զինվորներին ու կամավորներին ընդունեն աշխատանքի։ Այստեղ նույնպես մասնագետներին դրսից են հրավիրել։
Այնուամենայնիվ, կազմակերպության ղեկավարներն ու համակարգողները չեն սիրում շատ խոսել իրենց գործերից, հատկապես այս վերջին ծրագրից, քանի որ դրանք վերաբերում են պաշտպանության ոլորտին։ Ասում են՝ արդեն ընթացող մարաթոնի ժամանակ հանգանակվող գումարներով շատ մեծ ու կարեւոր գործեր են անելու։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։