Ըստ ամերիկյան Bloomberg պարբերականի՝ եվրոպացիները տեղյակ են կառավարությունների՝ ձմեռվա սեզոնին իրենցից ակնկալվող զոհողություններից։ Այս տարի ամենախստաշունչ ձմեռներից մեկը կլինի էներգիայի պակասի պատճառով: Էլեկտրաէներգիայի անջատումները սպառնալիք են ամբողջ Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի համար, որը նախապատրաստվում է դրան։
Էլեկտրաէներգիայի անջատումներին պատրաստվում է նաեւ Գերմանիան։ Հնարավոր է՝ պետությունն ավելացնի իր մասնաբաժինը գազ ներկրող խոշորագույն ընկերությունում՝ հասցնելով մինչեւ 50%-ի, եւ նույնիսկ պատրաստ է պատմական քայլի՝ այն ամբողջապես ազգայնացնելով՝ էներգետիկ համակարգը կոլապսից զերծ պահելու համար։
Իտալիան եւս էներգետիկ օգնության փաթեթ է պատրաստում։ Էներգետիկ ոլորտում իրավիճակը փրկելու նպատակով ԵՄ-ի ձեռնարկած միջոցառումներից բացի՝ Իտալիան բանակցում է էներգետիկ տերություն համարվող Նորվեգիայի հետ՝ այնտեղից մատակարարումներ ապահովելու դեպքում գազի գինը նվազեցնելու նպատակով։
Եվրոպական գազային շուկաներում «գազային տենդը» մի փոքր մեղմվել է, եւ գազի գինը նվազել է 40%-ով, թեեւ նախօրեին աճ է նկատվել։ Գազային պահեստարանները լցված են 84%-ով, ինչը բավական հուսադրող ցուցանիշ է, եւ մեղմ ձմեռվա դեպքում հնարավոր կլինի խուսափել լուրջ խափանումներից։
Պատրաստեց Արման Գրիգորյանը