Ըստ Ֆրանսպրես, Reuters եւ AP գործակալությունների՝ ԵՄ անդամ բոլոր երկրները, բացառությամբ Հունգարիայի, դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով զբաղվող խորհրդին՝ Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի մասին մշտադիտարկող անկախ փորձագետ նշանակելու համար։
Նախքան համաձայնության գալը ԵՄ անդամ քսանվեց երկրների ներկայացուցիչները թունդ բանավեճեր են ունեցել։ Միայն հինգշաբթի կարողացել են համաձայնության գալ եւ կազմել բանաձեւ, որը ենթադրում է Ռուսաստանի հարցով խորհրդում նոր զեկուցողի նշանակում։ Լյուքսեմբուրգը համաձայնել է իր հերթին հանդես գալ որպես այդ բանաձեւի առաջ մղողը։
ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտականությունները կատարող Նադա ան Նաշիֆը ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական իշխանությունները հետապնդում եւ ահաբեկում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը մերժողներին, ինչպես նաեւ ձեռնարկում են քայլեր նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու համար։
Փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ-ն հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։ Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ էլ պահանջեցին ստեղծել անկախ մարմին՝ այնտեղ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները հետաքննելու համար։
Փետրվարի 24-ից Ռուսաստանում ավելի քան 16 հազար հակապատերազմական ցույցերի մասնակիցներ են բերման ենթարկվել: Բանակի հեղինակազրկման հոդվածով կազմվել է ավելի քան երեք հազար արձանագրություն, հարուցվել է ավելի քան հարյուր քրեական գործ՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեղադրանքով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը