ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետեւանքների վերաբերյալ։
Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաեւ ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։
Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաեւ զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարակման ենթակա հատվածում եւ պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին եւ դերակատարներին։
Պաշտպանի աշխատակազմի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողություններից տուժած բնակավայրերից տեղահանվել է առնվազն 99 հաշմանդամություն ունեցող անձ: Ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման եւ տարբեր զինատեսակների կիրառման ինտենսիվությամբ պայմանավորված՝ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, առողջական խնդիրներ ունեցող տարեցները, ինչպես նաեւ նրանց խնամող անձինք գործնականում զրկվել են տեղահանման հնարավորությունից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:
Ադրբեջանական զինուժի Վարդենիս քաղաքի թիրախավորումն ուղղակիորեն վտանգել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվող հոգեսոցիալական եւ մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձանց կյանքի, անվտանգության եւ առողջության իրավունքները, ինչպես նաեւ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վերջիններիս բժշկական, սոցիալական եւ այլ ծառայությունների մատուցման համար:
Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքի եւ նրանց պաշտպանության, այդ թվում՝ տարհանման համար հատուկ միջոցների կիրառման պահանջները սահմանված են Ժնեւի երրորդ եւ չորրորդ կոնվենցիաներով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ միջազգային այլ իրավական ակտերով: