Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը Եվրոպայի խորհրդի նախագահի միջնորդությամբ կհանդիպեն Բրյուսելում։ Մինչ այդ ռուսաստանյան լրատվամիջոցներն անոնսավորում էին, որ Փաշինյանը եւ Ալիեւը բանակցություններ կվարեն Մոսկվայում։ Նման տպավորություն ստացվել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հավաստիացումից, թե մինչեւ օգոստոսի վերջը նախապատրաստվում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ «բարձր մակարդակի շփումներ»։
Օգոստոսի 30-ին հայկական մամուլում չճշտված տեղեկություն տարածվեց, որ Երեւան մեկնելու ճանապարհին բերման է ենթարկվել եւ ձերբակալվել ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։
Ժամեր անց Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ նախագահը գեներալ Արզումանյանին համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, որը փառավոր ճանապարհ է անցել։ Պաշտոնական Ստեփանակերտը «անուրանալի» գնահատեց գեներալ Արզումանյանի ջանքերը քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ։
Արցախի նախագահը հույս հայտնեց, որ ձերբակալության հանգամանքները շուտափույթ կպարզվեն, եւ ամփոփեց, որ «գեներալ Արզումանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակի հնարավոր զարգացումները գտնվում են» իր ուշադրության կենտրոնում։ Հայաստանյան որոշակի մեդիա շրջանակներ գեներալ Արզումանյանի ձերբակալությունը միանշանակորեն գնահատեցին Բրյուսելի հանդիպումից առաջ Փաշինյանի կողմից «Ալիեւին մատուցած նվեր» կամ «նրա հերթական պահանջի բավարարում»։ Ընդ որում՝ նրանք ասածը հիմնավորում էին Արցախում հնչող կարծիքներով։
Այդ տեսակետը պաշտպանեց Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով, որ «Ադրբեջանին մատուցվող «նվերն» ամբողջական դարձնելու համար ձերբակալությունից առաջ նույնիսկ Արցախի առաջին դեմքին չեն ասել»։
Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, նրա պաշտոնավարումը կասեցվել է, բայց խափանման այլ միջոց է ընտրվել։ Մի քանի օր անց Արցախի Ազգային ժողովի 24 պատգամավորի ստորագրությամբ տարածվեց ՀՀ գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի նախագահին ուղղված միջնորդություն, որով նրանք ակնկալում էին Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի փոփոխություն:
Ստորագրահավաքին չմասնակցեց «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցությունը։ Հայաստանի ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն չարձագանքեցին Արցախի ԱԺ պատգամավորների միջնորդությանը։
Գրեթե միաժամանակ Արցախում հայտնի դարձավ, որ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, հաստատվել Ստեփանակերտում։ «Արցախցիներից շատերն այսօր գտնվում են վատ հոգեբանական վիճակում,- տարածած ուղերձում ասաց Ռուբեն Վարդանյանը եւ ավելացրեց,- շատերին թվում է, որ իրենք լքված են, ոչ մեկին պետք չեն»։
Վարդանյանն իրավիճակը գնահատեց «անընդունելի» եւ ավելացրեց, որ աշխարհի հայերը պարտավոր են լինել Արցախի ժողովրդի կողքին։ Սեպտեմբերի 8-ին Արցախի նախագահի գրասենյակը հայտնեց, որ Արայիկ Հարությունյանը ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության ամփոփիչ մասում։
Սեպտեմբերի 12-ին տարածվեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան այս գրառումը․ «Վերջին օրերին երկու անգամ հանդիպել եմ Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու համագործակցության եզրերն ու ողջունելու նրա որոշումը Արցախ տեղափոխվելու վերաբերյալ»։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը մի քանի ուղղություններով Հայաստանի դեմ ագրեսիա իրականացրեց։ Պաշտոնական Ստեփանակերտի միակ արձագանքը խորհրդարանի խմբակցությունների հայտարարությունն էր, որ տարածվեց սեպտեմբերի 14-ի երկրորդ կեսին։ Արցախցի խորհրդարանականները կոչ արեցին միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Նույն օրը Ստեփանակերտը «պայթեց»՝ լսելով Նիկոլ Փաշինյանին, որ խորհրդարանում հայտարարեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ «Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որ կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- ֆեյսբուքյան գրառում արեց նախագահ Արայիկ Հարությունյանը։
Մի քանի ժամ անց, սակայն, նա հանդես եկավ նոր հայտարարությամբ եւ ընդգծեց, որ «ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը»։
Երեւանում երկօրյա քննարկումների արդյունքները Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը ամփոփեց այսպես․ «Արցախի կարգավիճակի հարցով, անվտանգության խնդիրներով Արցախի իշխանությունները և ժողովուրդը տարաձայնություններ չունեն»։ Թե ինչ է դա նշանակում, մեկնաբանելու հարկ երեւի չկա։ Բայց ո՞վ է պատասխան տալու, եթե հետեւի նոր ագրեսիա։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։