ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը հայտնել է, որ Միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ Իրանի հետ բանակցությունները փակուղի են մտել:
«Քննարկումների վերջին փուլում Թեհրանը Վաշինգտոնին կոշտ պատասխան տվեց, ինչը մեզ համար անընդունելի է»,- նշել է նա:
Շերմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը, այնուհանդերձ, չի հանձնվի եւ ջանքեր կգործադրի՝ վերականգնելու Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը եւ թույլ չտալու, որ Թեհրանը երբեւէ միջուկային զենք ստանա։
Նախօրեին Սամարղանդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ Թեհրանը երբեք չի զիջի Իսլամական Հանրապետությանն ահաբեկելու՝ Վաշինգտոնի փորձերին։
Ռաիսին շեշտել է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմտյան Եվրոպան լիովին չեն կատարում հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հարցում իրենց պարտավորությունները: «Ի հեճուկս Իրանի դեմ թշնամանքին՝ մենք կշարունակենք զարգանալ»,- ընդգծել է Իրանի նախագահը: