Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցման արդյունքներով՝ 2016-ի մարտից մինչեւ 2022-ի օգոստոսը երկրի արեւմտամետ արտաքին քաղաքականությանն աջակցող քաղաքացիների թիվը աճել է, իսկ ռուսամետ ուղղության կողմնակիցների թիվը՝ նվազել:
Ըստ հարցման՝ 2016-ի մարտից մինչեւ 2022-ի օգոստոսը երկրի արեւմտամետ արտաքին քաղաքականությանը աջակցողների թիվը 14%-ից հասել է 47%-ի։ Նույն ժամանակահատվածում ռուսամետ ուղղության կողմնակիցների թիվը 5%-ից նվազել է մինչեւ 2%, իսկ այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ երկրի արտաքին ուղղությունը պետք է լինի ռուսամետ, սակայն Վրաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ, 16%-ից նվազել է՝ հասնելով 7%-ի:
Վրաստանի բնակչության մեծ մասը (65%) վստահ է, որ երկիրն ավելի շատ կշահի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումից, քան Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններից: Բնակչության միայն 12%-ն է կարծում, որ Վրաստանն ավելի շատ օգուտներ կստանա, եթե հրաժարվի եվրաատլանտյան նկրտումներից՝ Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցելու համար։
Գեորգիեւյան ժապավենով ռուս տուրիստներին Վրաստանում թույլ չեն տվել հյուրանոց մտնել
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Վրաստանի տարածքում «Գազպրոմ» գրությամբ ավտոբուսով շրջագայող ռուս զբոսաշրջիկներին, որոնք նաեւ Գեորգիեւյան (Սուրբ Գեւորգի) ժապավեններ են կրել, Քութայիսում չեն թողել հյուրանոց մտնել։
«Երբ մեզ հայտնի դարձավ, որ տվյալ խումբը ժամանել է «Գազպրոմ»-ի նշան կրող ավտոբուսով, իսկ որոշ ուղեւորների ձեռքի պայուսակների վրա Գեորգիեւյան ժապավեններ կան, մեր ադմինիստրացիան արդարացի որոշում ընդունեց, եւ հյուրերին արգելվեց մնալ հյուրանոցում»,- ասել է հյուրանոցի սեփականատեր Դավիթ Մանդարիան։