Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնել են, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանն ուղղած իրենց միացյալ նամակում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Եվրոպայի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղարներն իրենց խորհուրդների անդամ եկեղեցիների անունից կոչ են ուղղում՝ միջամտելու Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական բանակի կատարած հարձակումն անմիջապես կասեցնելու, զինադադար հաստատելու եւ տարածաշրջանում արդար ու մնայուն խաղաղություն հաստատելու:
«Վերոհիշեալ միացեալ նամակը նաեւ կ՚անդրադառնայ, թէ յստակ տեղեկութիւններու ու վերլուծումներու համաձայն Ազրպէյճան, նկատի ունենալով միջազգային համայնքի ուշադրութեան կեդրոնացումը Ուքրանիոյ պատերազմին վրայ է եւ օգտագործելով ներկայ աշխարհաքաղաքական պայմանները, կը փորձէ իր պայմանները պարտադրել Հայաստանի վրայ՝ զինուորական միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպման միջնորդ
Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին (Սեւրյուկ) ասել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակելու ջանքեր գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսություն հաստատելու համար։ Միտրոպոլիտը նշել է, որ իրենք հանդիպել են Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։
«Ընդգծել եմ, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է հետագայում եւս մասնակցելու հակամարտության կողմերի միջեւ երկխոսության հաստատմանը, պատրաստ է Ադրբեջանի ու Հայաստանի հոգեւոր առաջնորդների հետ միասին ջանք գործադրելու, որպեսզի իրավիճակը խաղաղ հուն վերադառնա»,– շեշտել է միտրոպոլիտը։
Պատրիարք Կիրիլը դեռ 2021-ի հոկտեմբերին էր Մոսկվայի Դանիլովի վանքում եռակողմ բանակցություն անցկացրել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եւ Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Դրանից առաջ պատրիարքը հանդիպել էր նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին։