Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության՝ պաշտոնական այցով Երեւան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան:
Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը: «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել եւ առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են ընդլայնված կազմով պաշտոնական հանդիպումներ, ինչպես նաեւ շփումներ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ըստ Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝ անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ եւ ժողովրդավար կառավարմանը Հայաստանում եւ Հարավային Կովկասում։
«Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավար Հայաստան եւ կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ Կառավարության առաջնորդների, քաղաքացիական հասարակության եւ անվտանգային մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի երկար տարիների բարեկամ, ուժեղ եւ շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տեւական կարգավորմանը»,- ասված է Ներկայացուցիչների պալատի խոսնակի տարածած հայտարարությունում։