Սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետեւանքով մեծ վնաս են կրել անտառներն ու էկոհամակարգերը:
Ադրբեջանը թիրախավորել է Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի բնության հատուկ պահպանվող տարածքներն ու անտառները, որոնք հարուստ են էնդեմիկ եւ վերացման վտանգի տակ գտնվող այնպիսի տեսակներով, որոնց նշանակությունը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար:
Միջազգային հանրությունը մի շարք բնապահպանական համաձայնագրեր է մշակել ու ջանքեր ներդրել՝ պահպանելու այդ էկոհամակարգերը:
Դրանցից են՝ «Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին» (Բեռն 1979 թ.), ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին (Ռիո դե Ժանեյրո, 1992 թ.), Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին, Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի (Փարիզ, 1994 թ.), Միջազգային լճերի եւ անդրսահմանային ջրհոսքների պահպանության եւ օգտագործման մասին, Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանության մասին» (Փարիզ, 1972 թ.) եւ այլ համաձայնագրեր: Այս փաստաթղթերին միացել է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ադրբեջանը՝ ընդունելով դրանց սկզբունքներն ու ստանձնելով դրանցով սահմանված պարտավորությունները:
Վտանգված տեսակների՝ Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների ապրելավայրը՝ վտանգված
Համապատասխան փաստահավաք աշխատանքի արդյունքում շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանը դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ եւս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի գործողությունների հետեւանքով բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։
Նա մասնավորապես տեղեկացրել է, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը: 10 հա անտառածածկի այրման հետեւանքով վնաս է կրել կենսաբազմազանությունը՝ ներառյալ էնդեմիկ բուսական եւ կենդանական աշխարհը:
«Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք ինչպես ՀՀ կարմիր գրքում, այնպես էլ Բնապահպանական միջազգային միության (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների (հայկական մուֆլոն, բեզուարյան այծ, գորշ արջ, հարավկովկասյան ընձառյուծ եւ այլն) ապրելավայրն են, կարեւոր միջանցք են այդ տեսակների միգրացիայի համար: Նման գործողությունները միանշանակ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով եւ կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության վրա»,- նշել է նախարարը գրության մեջ։
Արհամարհանք միջազգային կոնվենցիաներով սահմանված սկզբունքների նկատմամբ
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաեւ Կեչուտի ջրամբարը: Մինչդեռ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներով, հակամարտության գոտիներում բնական ժառանգության պաշտպանության, շրջակա միջավայրի աղտոտումից զերծ պահելու միջազգային մի շարք փաստաթղթերով ռմբակոծության օբյեկտներ չեն կարող լինել վտանգավոր օբյեկտները` ատոմակայանները, ամբարտակները, պոչամբարները այլն, արգելվում է անտառներն ու բուսածածկերը վերածել հարձակման օբյեկտի, անգամ եթե այդպիսի բնական տարրերն օգտագործվում են մարտիկների պատսպարվելու, թաքնվելու կամ քողարկվելու համար:
Հաշվի առնելով, որ թիրախավորված տարածքներն ունեն էնդեմիզմի բարձր մակարդակ՝ հազվագյուտ տեսակների համար բնադրավայր են, համաշխարհային գենետիկ ժառանգության պահեստարան, միջազգայնորեն ճանաչված բնության պահպանության գոտիներ՝ ոտնձգությունն այս տարածքի էկոհամակարգերի նկատմամբ թշնամանք է համայն մարդկության ու մոլորակի հանդեպ, արհամարհանք միջազգային կոնվենցիաներով սահմանված սկզբունքների ու դրույթների նկատմամբ։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։