«Պանթեոն» համալսարանի պրոֆեսոր, թուրքագետ–վերլուծաբան Դիմիտրիս Ստաֆակոպուլոսը համոզմունք է հայտնել, որ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ցանկացած հակամարտություն կարող է ՆԱՏՕ-ի փլուզման հանգեցնել: Նա հավելել է, որ այդուհանդերձ, իրադարձությունների նման զարգացումը ներկա պահին քիչ հավանական է, թեեւ երկու երկրների հարաբերությունները հերթական անգամ սրվել են։
Ըստ նրա՝ Թուրքիան ավելի շատ խոսում է եւ ավելի քիչ գործում, բայց դա չպետք է մխիթարի։ Նա նշել է, որ զինված հակամարտություն չի լինի ոչ միայն այն պատճառով, որ Հունաստանը պատրաստ է նման սցենարի եւ նման բան թույլ չի տա, այլեւ այն, որ նույնիսկ մի փոքր հակամարտությունը կարող է հանգեցնել ճգնաժամային իրավիճակի, ընդհուպ ՆԱՏՕ–ի փլուզման։
«Դա դաշինքի համար մեծ խնդիր կդառնար, երբ այն ձգտում է ընդլայնման Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության պատճառով»,– շեշտել է Ստաֆակոպուլոսը։
Վերլուծաբանն ավելի հավանական է համարում, որ ՆԱՏՕ-ն «կքաշի երկու երկրների ականջները» եւ կխնդրի հարաբերությունները պարզել միմյանց հետ, ինչը Թուրքիայի եւ Հունաստանի հաշտեցում կնշանակի։ Ստաֆակոպուլոսը համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ–ի «ընդհանուր դաշնակիցների խորհրդով ագրեսորին Հունաստանի զրուցակիցը կդարձնենք», ինչը, վերլուծաբանի կարծիքով,Աթենքի համար պարտություն կլինի, ինչպես եղել է Հյուսիսային Մակեդոնիայի դեպքում, երբ նրան է փոխանցվել Հունաստանի ազգային անվանումը։
«Թուրքիան այդ գործողության մեջ Հունաստանի թուլությունն է տեսել, Հունաստանի, որն իրեն դրսեւորել է որպես դաշնակիցներին լսող երեխա։ Նա անում է այն, ինչ նրան ասում են Ամերիկան եւ Գերմանիան։
Ստաֆակոպուլոսի կարծիքով` Ուկրաինայում ընթացող պատերազմը պարենային ինքնավարության եւ էներգետիկայի առումով Էրդողանին ցույց է տվել Արեւմուտքի թուլությունը։ Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Թուրքիան դանդաղ շրջվում է Եվրասիայի կողմը, որին իր բնական տարածքն է համարում։
Էրդողանը կարծում է, որ Թուրքիան կզարգանա եւ կգոյատեւի ստեղծված իրավիճակում, ի տարբերություն արեւմտյան երկրների, ներառյալ Հունաստանի, որը 30-40 տարի անց կվերանա սննդի, էներգիայի պակասի եւ ժողովրդագրական ճգնաժամի պատճառներով։
«Այնպես որ Էրդողանը Հունաստանի հետ զինված պատերազմ վարելու պատճառներ չունի։ Նա կարծում է, որ մենք հասած պտուղի նման կընկնենք, ինչպես ժամանակին՝ 400 տարվա պաշարումից հետո, ընկավ Բյուզանդիան»,– եզրափակել է փորձագետը։