ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
Արարատ Միրզոյանը 30-ից ավելի հանդիպումներ կունենա գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945-ին: Այն միջազգային կազմակերպություն է, որին ներկայում անդամակցում է 193 պետություն:
Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ։
ՄԱԿ անդամ մի երկրի տարածք մյուսի ներխուժումը դատապարտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական եւ ժամանակավոր անդամների զգալի մասը միջազգային գլխավոր հարթակում:
Անցնող շաբաթ կառույցում երկու հանդիպում հրավիրվեց հայ-ադրբեջանական լարվածության քննարկման օրակարգով:
Աշխարհաքաղաքական հարցերում առաջնային դերակատարում ունեցող 15 երկրների մասնակցությամբ քննարկման գլխավոր շեշտադրումներն էին Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքի դուրսբերումը, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման անթույլատրելիությունը, սահմանազատման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերհանումը, զինված ճանապարհով հակամարտության լուծման բացառումը: