Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է ռուս-չինական առեւտրատնտեսական հարաբերություններին՝ նշելով, որ Չինաստանն, ըստ էության, փորձում է փրկել Ռուսաստանի տնտեսությունը՝ զգուշավորություն եւ շրջահայեցություն ցուցաբերելով։
Ըստ պարբերականի՝ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառութունը, հատկապես էներգետիկայի ոլորտում, այս տարվա հունվարից կտրուկ աճել է։ Սակայն հակառուսական պատժամիջոցների հանդեպ երկյուղը ստիպում է, որ չինական հիմնական բանկերը սահմանափակեն ռուսական ապրանքների գնման գործընթացները։
Պարբերականը հատկապես ուշագրավ է համարել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի եւ Սին Ծինփինի սեպտեմբերի 15-ի հանդիպումը: Հոդվածագիրը հարց է տալիս, թե Չինաստանի նախագահն իր վաղեմի ընկեր Պուտինին աջակցելու համար որքան հեռուն կգնա, եւ ինչպես պետք է հասկանալ Սին Ծինփինի՝ այդ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը, որ Չինաստանը պատրաստ է աշխատելու Ռուսաստանի հետ, որպեսզի ստանձնի մեծ տերության դերակատարությունը։
Le Monde-ը հատկանշական է համարում, որ ռուս-չինական առեւտրաշրջանառությունը հատկապես աճել է ամառվանից ի վեր, երբ հակառուսական պատժամիջոցները սկսել են անդրադառնալ ռուսական տնտեսության վրա։
Չինաստանը հունվարից օգոստոս ներկրել է 72,9 միլիարդ դոլարի ռուսական ապրանք, հիմնականում՝ ածխաջրածիններ, ինչը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ 50%-ով ավելի է։ Ավելացել է նաեւ Ռուսաստան չինական ապրանքների արտահանումը։ Այս տարվա հունվար-օգոստոսի համար այդ ցուցանիշը կազմել է 44,2 միլիարդ դոլար, որը 9,4%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ֆրանսիայի՝ Ասիայի հարցերով խորհրդական Ֆրանսուա Գոդեմանը, համեմատելով այս վիճակագրությունը, Le Monde-ի հետ զրույցում ասել է, որ դեպի Ռուսաստան չինական ապրանքների արտահանման ծավալները կշարունակեն ավելանալ, եւ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում նկատված անկումն արդեն ամբողջովին վերականգնվել է ու մի բան էլ աճ գրանցել։
Չինաստանի հարցերով փորձագետ Ֆրանսուա Շիմինն էլ նշել է, որ Չինաստանը պրագմատիկ օպորտունիզմ է ցուցաբերում։ Ըստ նրա՝ Չինաստանն ամեն ինչ անում է իր համակարգային դաշնակցի տնտեսական կայունությունը պահպանելու համար, միաժամանակ, ներքին իրավիճակով պայմանավորված, խուսափում է հավելյալ տնտեսական ցնցումներից։
Պատրաստեց Արման Գրիգորյանը