«Բաց հասարակության հիմնադրամներ» (ԲՀՀ, Open Society Foundations) կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ինտենսիվ մարտերի բռնկումից հետո հաստատված հրադադարն ամրապնդելու համար: Թվիթերում հրապարակված հայտարարությունում ընդգծված է, որ վերջին մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 200 զինծառայող:
ԲՀՀ-ն շեշտել է, որ անցած շաբաթվա սկզբին ադրբեջանական ուժերը հրետակոծել են Հայաստանի տարածքը, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, եւ տարածքներ գրավել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի ներսում։
Բաց հասարակության հիմնադրամների Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գործադիր տնօրեն Դանիելա Շվարցերը հայտարարել է, որ սա մեծ երկրի կողմից ավելի փոքր, քաղաքականապես մեկուսացված հարեւանի դեմ ագրեսիայի ակնհայտ օրինակ է:
ԲՀՀ-ն հայտարարությունում ԵՄ-ին եւ ՄԱԿ-ին հորդորել է քայլեր ձեռնարկել երաշխավորելու համար, որ ադրբեջանական զորքերը կլքեն Հայաստանը, եւ մարտերը չեն վերսկսվի մասնավորապես հրադադարի մշտադիտարկման խմբերի տեղակայման եւ Բաքվի վրա դիվանագիտական ճնշման միջոցով, որպեսզի Ադրբեջանը վերսկսի խաղաղ բանակցությունները: