Փաշինյանը ռուսներին պիտի մեզանով աներ մինչեւ պատերազմը: Չի արել: Ու Հայաստանը հասցրել է այս օրին: Հիմա անում է ուղիղ հակառակը՝ ռուսներին վանում է: Ու սա բացառված չէ, որ ավելի թանկ նստի Հայաստանի վրա:
Բայց փորձենք հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք: Հիմնական սխալը, եթե դա սխալ է, ընդունեցինք՝ ռուսներին մեզնով չի արել, եթե, իհարկե, հնարավոր է մեզնով անել ռուսներին, որոնք հակամարտության սառեցման առաջին օրից ասում էին՝ ռուս խաղաղապահներ բերենք, իսկ մենք ասում էինք՝ չէ՛, միայն բազմազգ խաղաղապահներ:
Ուրեմն ռուսները այդ պահից ատամ էին սրում Հայաստանի վրա: Այդ ատամները սրվել են Քոչարյանի օրոք, որը բացարձակապես թքած ուներ սպասվելիքի վրա քիչ չէ, դեռ Հայաստանը շարունակում էր օբյեկտ առ օբյեկտ ծախել ռուսներին ու փայ մտնել գնի մեջ:
Սերժ Սարգսյանը իշխանության սկզբում գուցե լավ չէր հասկանում, թե ինչ է ռուսների ուզածը, բայց ապրիլյան պատերազմով նրան դա հասկացրին մինչեւ վերջ: Այնպես, որ տարընթերցումներ չլինեն: Այսինքն՝ կասկածի տեղ չէր մնում, որ եթե ռուսների մտքով անցել է, ուրեմն կանեն: Ախ էլ չեն քաշի: Բայց այդպես էլ Սարգսյանը չնահանջեց:
Հետո Սարգսյանն իշխանությունը «կորցրեց» հօգուտ Փաշինյանի: Այս մեկին ռուսները գուցե լավ չէին բացատրում, կամ այս մեկը լավ չէր հասկանում, թե ինչ են ասում ռուսները, ինչպես նկատել էր առաջին նախագահը: Փաստն այն է, որ բանը հասավ 44-օրյա պատերազմին: Ու այդ պատերազմն ըստ էության մինչեւ հիմա ռուսների քավորությամբ շարունակվում է, ու մենք հողակտոր առ հողակտոր կորցնում ենք Հայաստանի տարածքը: Փաշինյանը թեքվում է դեպի Արեւմուտք:
Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ պիտի աներ: Եթե շարունակեր մնալ ռուսական ազդեցության «ծիրին մեջ», քանի՞ գրոշ կարժենային այն դասերը, որոնք մեզ տվեցին ռուսները 44-օրյա պատերազմով: Փաշինյանից հեռու չէ, ինքը մի օր կասի՝ ի՞նչ տրամաբանությամբ պիտի մնայի ռուսական կայսերական քմահաճույքների դաշտում, որտեղ Հայաստանի համար ոչ մի լավ ծրագիր չկա: Ահա ինչու է նա թեքվել Արեւմուտքի կողմը: Նրա հաշվարկն այն է, որ Արեւմուտքը հեսա-հեսա կարգավորում է հարաբերություններն Իրանի հետ, եւ այդ առումով մենք կորցնելու բան չունենք ու Իրանի առջեւ վատամարդ դուրս չենք գա: Մյուս հաշվարկն այն է, որ ուկրաինական պատերազմը մինչեւ վերջ կջլատի ռուսներին, եւ նրանք Հայաստանին սպառնալ չեն կարողանա: Երրորդ հաշվարկն այն է, որ Ամերիկայի համար ժողովրդավարությունն ու անվտանգությունը սուրբ հոմանիշներ են, ու մեզ ԱՄՆ-ը հաստատ չի գցի:
Բայց երեքն էլ մեզ չեն վերաբերում: Փաշինյանը սրան գնում է, որովհետեւ, ըստ նրա, պարզ անհեթեթություն է շարունակել հույսեր կապել մեկի հետ, որը վերջին 30 տարին օգտագործել է իր օգնությամբ տարած հաղթանակը մեզնից հետ վերցնելու վրա: Առաջիկա վեց ամսում պարզ կդառնա, թե որքանով է արդարացված Փաշինյանի հակառուսականությունը, որը ռուսները մի հատ էլ պարարտացրին վերջին եռօրյա պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ը գրպանից չհանելով:
Սա նույնիսկ Սերգեյ Մարկեդոնովը չողջունեց. «2020-ի նոյեմբերին Երեւանը կարող էր եւ պետք է զիջեր: Սակայն այսօր մեր լռության ներքո Հայաստանի պատմության ավարտը միանշանակ վատ սցենար է»։
Մի բան փաստ է՝ ամերիկյան զինվորը Հայաստան չի գալու: Բայց ամերիկյան զենքը բացառված չէ: Թեպետ խաղաղության օրակարգը ոնց որ ավարտվում է՝ մինչ այդ բոլոր արարներն ի վնաս մեզ խաղարկած:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: