ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի կնքման 25 տարիների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, եւ երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։
«Ռուս-հայկական հարաբերությունների կարեւոր բաղադրիչը ավանդաբար միջտարածաշրջանային կոոպերացիան է։ Ռուսաստանի եւ Հայաստանի մարզերն ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար եւ այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր եւ նախաձեռնություններ»,–շեշտել է Պուտինը:
Ողջույնի խոսք հղելով Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին՝ նա շեշտել է, որ համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։ Մասնակիցները պետք է մտքեր փոխանակեն արդիական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առեւտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
«Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն եւ կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը եւ եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,– ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին։
Նշենք, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Երեւան, որտեղ սեպտեմբերի 19-ին տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը։