Ըստ գերմանական Welt պարբերականի՝ Բունդեսթագում «Միություն-90/կանաչներ» խմբակցության արտաքին քաղաքական փորձագետ Յուրգեն Տրիտտին հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ուզում է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ԵՄ-ն պետք է մտածի Անկարայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու մասին եւ տնտեսական ճնշման միջոցներ կիրառի։ Նա հավելել է, որ Անկարան, որ Հունաստանի տնտեսական գոտում հորատում է անում, միաժամանակ խանգարում է ՆԱՏՕ-ին հետեւելու Լիբիա զենքի մատակարարման ՄԱԿ–ի էմբարգոյին։
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի շատ բան է անում Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար, քան Չինաստանը։ Էրդողանն արգելակում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցումը։ Իսկ հիմա այն Իրանի հետ միասին ցանկանում է միանալ ՇՀԿ–ին»,– ասել է նա։
Տրիտտինի կարծիքով Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու ժամանակն է, ԵՄ–ն պետք է մտածի տնտեսական պատժամիջոցների մասին, քանզի երկիրն անհնար է հանել ՆԱՏՕ–ից։
2001 թվականին հիմնադրված ՇՀԿ միջազգային կազմակերպության անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան:
2021-ի սեպտեմբերին Դուշանբեում անցկացված ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել է նաեւ Եգիպտոսին, Քաթարին եւ Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես դիմել է ՇՀԿ-ին որպես լիիրավ անդամ միանալու համար: