Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում 577 հեկտար անտառ կա: Հիմնական ծառատեսակները մշտադալար սոճին ու եղեւնին են, բայց կան նաեւ մրգատու եւ դեկորատիվ ծառեր:
«Որ մարդիկ մտնեն անտառ, վնասեն կամ կտրեն ծառերը, չլսված բան է, հատկապես վերջին տարիներին,- ասում են ջաջուռցիները,- նախ մենք մեր ձեռքով չենք վնասի մեր հարստությունը, բացի այդ՝ ահռելի տուգանքներ են սահմանված, անտառը հսկվում է»:
«Չվնասելն ընդունում ենք, բայց գոնե մի փոքր օգտվենք մեր իսկ ունեցածից՝ առանց վնաս հասցնելու անտառին»,- ասում է Ջաջուռ գյուղի բնակիչ Մարիամ Խաչատրյանը: Պատմում է, թե ինչպես էին անտառից պարկերով կոն հավաքում, բերում, ձմռան վառելիքի խնդիր լուծում: Հիմա արգելված է անտառ մտնելը, ուր մնաց կոն ու չոր ցախ հավաքելը: Անտառապահն ասում է՝ բարաթը բե՛ր, մտի՛, մեկը չէ, տա՛սը հավաքիր: Թույլտվության փաստաթուղթ չունեն, քանի որ անապահով չեն համարվում:

ձախից՝ Անուշ Թադեւոսյան, Մարիամ Խաչատրյան
Անուշ Թադեւոսյանը նույնպես դժգոհում է, որ իրենց անտառից մի քանի պարկ չոր կոն չեն կարող հավաքել, ասում է՝ գյուղում բոլորն էլ վառելիք չունեն, ինչու են առանձնացնում ապահով-անապահովի: Անգամ դեպք է եղել, որ գնացել, հավաքել է, թույլ չեն տվել բերել, հետ է դատարկել:
Ջաջուռի անտառի պահակ Արտակ Մխիթարյանը կոն հավաքելն արգելող որոշումից հետո մշտական անախորժությունների մեջ է համագյուղացիների հետ: Ասում է՝ ինքը կատարող է. «Ինձ ասել են՝ եթե գալիս են, մեզ մոտ ուղարկի՛ր, չթողնես՝ անտառ մտնեն: Մինչեւ համապատասխան թույլտվությունը չբերեն, ես չեմ կարող թողնել՝ կոն հավաքեն: Եթե ես թողնեմ, ուրեմն գործս չեմ կատարում»,- սպառիչ պատասխանում է պահակը:
Գյուղի վարչական ղեկավար Կոլյա Գրիգորյանը նույնպես կռվախնձոր դարձած կոնի հարցը չի կարողանում կարգավորել: Ասում է՝ գյուղը գազաֆիկացված չէ, վառելիքի այլընտրանք չկա: Վաճառքում վառելափայտ գրեթե չկա, եղածն էլ աստղաբաշխական գնով է վաճառվում: Միայն գոմաղբով են տուն տաքացնում, կոնն ու չոր ճյուղն էլ մնում անտառում, չորանում են:
«Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վասյա Արշակյանն ասում է՝ մարզում 2300 հեկտար անտառածածկ տարածք ունենք, հիմնականում սոճի: Եվս 7 հեկտար անտառ էլ եկող տարում է հիմնվելու: Վստահեցնում է՝ անտառտնտեսությունն այս տարի ոչ մի խախտում չի գրանցել: Աշխատում են միայն օրենքով ու մաքուր թղթաբանությամբ: «Կոն եւ չոր ճյուղ հավաքելու համար թող գան անտառտնտեսության գրասենյակ, թույլտվություն ստանան: Եթե անապահովության ցուցանիշը հաղթահարվեց, համապատասխան որոշում կկայացնենք, թող գնան, հավաքեն: Դրա համար ոչ մի դրամ վարձավճար նախատեսված չէ»:
Մինչ Ջաջուռում չեն կարողանում մի հայտարարի գալ ու որոշել, թե ով է ավելի անապահով, ում է բաժին հասնելու անտառի բարիքը, շուտով ձյունը կգա ու կփչացնի կռվախնձորը: Եվ կլինի այնպես, ինչպես միշտ՝ ո՛չ ինձ, ո՛չ քեզ…

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։