ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ մեկշաբաթյա հարկադիր արձակուրդից հետո՝ սեպտեմբերի 19-ին, բոլոր սահմանամերձ բնակավայրերում դասերը վերսկսվել են։
Նա հավելել է, որ անվտանգության նկատառումներով որոշ դպրոցներում դասերը կլինեն հեռավար։ Ըստ փոխնախարարի՝ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, Վայոց ձորում՝ 3 դպրոց, իսկ Սյունիքի մարզում միայն 5 դպրոցում կլինի առկա ուսուցում, մյուս դպրոցներում կկազմակերպվի հեռավար ուսուցում:
Նախարարության տվյալներով վերջին օրերին Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում մոտ 25 հազար դպրոցահասակ եւ 6000 նախադպրոցական տարիքի երեխա են հարկադիր արձակուրդի անցել։
Նա նշել է, որ դասապրոցեսին հեռավար կմիանան նաեւ այն դպրոցահասակ երեխաները, որոնց ընտանիքներն Ադրբեջանի հարձակման հետեւանքով տարհանվել են իրենց բնակավայրերից։
Անդրադառնալով հրետակոծության հետեւանքով տուժած դպրոցների շենքերին՝ Անդրեասյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում 2 դպրոցի շենք է վնասվել։ Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատություններին, ըստ փոխնախարարի՝ դրանք որոշ համայնքներում դեռեւս կմնան փակ։