Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ Պենտագոնը ամերիկյան պաշտպանական ձեռնարկություններին կոչ է անում սահմանափակելու չինական նյութերի օգտագործումն իրենց արտադրությունում։
Պենտագոնը կապալառուների օգտագործած ինքնաթիռների, էլեկտրոնիկայի եւ հումքի մասերի ծագումը պարզելու համար սկսել է արհեստական ինտելեկտ օգտագործել: Պաշտպանության նախարարությունը ցանկանում է համոզվել, որ այդ բաղադրիչները չեն մատակարարվել Չինաստանից կամ «այլ հավանական հակառակորդներից»:
Ըստ պարբերականի` կապալառուները հայտարարում են, որ հրաժարվում են աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի` Չինաստանի միկրոէլեկտրոնիկայից եւ հատուկ մետաղներից:
Չինական նյութերից հրաժարվելու դեպքում ամենամեծ խնդիրը, որին բախվում է Պենտագոնը, այն է, որ ԱՄՆ–ը հազվագյուտ տարրերի մատակարարման հարցում 80% կախվածություն ունի Չինաստանից. այդ տարրերը մագնիսներում օգտագործվում են զենքի ուղղորդման համակարգերի, ինչպես նաեւ առեւտրային նպատակներով, էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների համար:
Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը զգալի միջոցներ է ներդրել հազվագյուտ տարրերի արդյունահանման եւ վերամշակման մեջ եւ մատակարարումների շղթայի առաջատարն է ամբողջ աշխարհում:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Պենտագոնը ժամանակավորապես դադարեցնում է Lockheed Martin կորպորացիային F-35 ինքնաթիռների մատակարարումը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կործանիչի բաղադրիչներից մեկում օգտագործվել է Չինաստանում արտադրված համաձուլվածք, ինչը պաշտպանության ոլորտում գնումների դաշնային կանոնների խախտում է: