Ֆրանսիայում «Առաջ Հանրապետություն» (La République en Marche) ֆրանսիական իշխող քաղաքական կուսակցությունը վերանվանվել է «Վերածնունդ» (Renaissance) եւ միավորվել է երկու ոչ մեծ այլ կուսակցությունների հետ։
«Վերածնունդ» անվանափոխված «Առաջ Հանրապետություն» կուսակցությունը հիմնադրել է Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը։ Երկու փոքր կուսակցությունները, որոնց հետ միավորվել է այս կուսակցությունը, կոչվում են «Գործել․ աջ կառուցողականներ» (Agir, la droite constructive) եւ «Առաջընթացի տարածք» (Territoire de Progrès)։
Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 17-ին Փարիզում՝ կուսակցական համագումարում։ Անվանափոխությանը, կարգավիճակի փոփոխությանը եւ կառուցվածքի փոփոխությանը կողմ է քվեարկել համագումարի մասնակից պատվիրակների 87%-ը։ Այսպիսով՝ «Վերածնունդը» քաղաքական շարժումից դառնում է ավելի ավանդական քաղաքական կուսակցություն՝ համապատասխան կանոնադրությամբ։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնն այս փոփոխությունը Ֆրանսիայում նոր վերափոխումների փուլի մեկնարկի ազդարարում է անվանել եւ ասել, որ այսօր բացվում է ֆրանսիական քաղաքական պատմության նոր էջը։
Այս տարվա հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններն այնքան էլ բարենպաստ չէին նախագահ Մակրոնի ձեւավորած «Միասին» կոալիցիայի համար, քանի որ վերջինս կարողացավ ապահովել ընդամենը 245 մանդատ՝ կորցնելով բացարձակ մեծամասնությունը ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատում։
Մակրոնի հիմնական մրցակից Ժան Լյուկ Մելանշոնը իր «Նոր ժողովրդական էկոլոգիական եւ սոցիալական միություն» կուսակցությամբ գրավեց երկրորդ տեղը՝ ապահովելով 131 մանդատ, իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, ապահովեց պառլամենտում 89 մանդատ, որով վերջինս կարողացավ ձեւավորել ինքնուրույն խմբակցություն։ Աջ կենտրոնամետ հանրապետականներն ունեցան ընդամենը 61 մանդատ։
Սա, ըստ էության, փորձ է նոր շունչ հաղորդելու ֆրանսիական ներքաղաքական կյանքին, քանի որ ընտրություններից հետո փորձագետներն ասում էին, որ ֆրանսիացիները պարզապես հոգնել են փարիզյան քաղաքական կառավարող վերնախավից։
Պատրաստեց Արման Գրիգորյանը